Մեր մասին

      Երևանի հ.157 միջնակարգ դպրոցը գտնվում է Նորք-Մարաշ վարչական տարածքի գեղատեսիլ բարձունքին, որտեղից երևում է քաղաքի համայնապատկերը:

      Դպրոցը կառուցվել է 1972 թվականին: Տնօրենն էր վաստակաշատ մանկավարժ Նիկոլայ Ասրյանը, որը կարողացավ իր շուրջը հավաքել բանիմաց և եռանդուն մանկավարժների մի մեծ խումբ: Այդ տարիներին դպրոցում սովորում էին 750 աշակերտներ: Սակայն հետագայում արտագաղթի պատճառով աշակերտների թիվը կտրուկ նվազեց:

       80-ական թվականներին, երբ ուսուցման հիմքում դրվեց կաբինետային համակարգը, հ.157 միջն. դպրոցը առաջիններից մեկն էր, որ ստեղծեց ու կահավորեց առարկայական կաբինետներ, որոնցից  հայոց լեզվի և գրականության կաբինետը /վարիչ` Հ.Փափազյան/ հայոց լեզվի և գրականության կաբինետների մրցույթում ճանաչվեց լավագույնը և պարգևատրվեց պատվոգրով;

      1987-1991թ.թ. դպրոցի տնօրենն էր Սամվել Մկրտչյանը, իսկ 1991-2000թ.թ.` Մեսրոպ Տեր-Հակոբյանը:

      Արցախյան պատերազմի տարիներին դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ Արմենակ Արմենակյանի հրամանատարությամբ գործող <<Մեծն Տիգրան>> աշխարհազորի կազմում փառապանծ ուղի անցան: Դպրոցի տնօրեն Մ.Տեր-Հակոբյանի ջանքերի շնորհիվ պահպանվեց մանկավարժական կոլեկտիվը, որոնցից շատերը տրանսպորտ չլինելու պատժառով առավոտյան քաղաքի կենտրոնից ոտքով հասնում էին Նորք-Մարաշ` կատարելու իրենց նվիրական առաքելությունը:

     Դպրոցում քիչ չեն այն մանկավարժները, որոնք աշխատում են անմնացորդ նվիրումով, շարունակ բարձրացնում իրենց առարկայական պատրաստականությունը, ջանք չեն խնայում աշակերտներին տալու կայուն գիտելիքներ, դաստիարակելու վաղվա իսկական քաղաքացիներ:

      2000-2011թ.թ. դպրոցը տնօրինել է Հրայր Վանյանը, որը քիչ ավանդ չի ներդրել դպրոցականների կրթության և դաստիարակության գործում:

      2011թ. մայիս ամսից դպրոցի  տնօրենն է Նարինե Միրզոյանը: Նա նոր լիցք հաղորդեց ուսումնադաստիարակչական աշխատանքներին և ընդհանուր կարգապահությանը: Նրա տնօրինության օրոք դպրոցը որոշ չափով բարեկարգվեց: Դպրոցում ներդրվեց ջեռուցման համակարգը: Դպրոցը կարծես իր երկրորդ կյանքն է ապրում:

       Ն.Միրզոյանի համար մանկավարժությունը սրբազան գործ է: Նա խիստ կարևորում է նոր սերնդի հայեցի դաստիարակության գործընթացի առաջընթացը, մոռացված ավանդույթների վերականգնումը, նոր մեթոդների կիրառումը: Եվ ազգանվեր այդ գործում նորանոր ուղիներ է որոնում` ավելի գործնական, նպատակասլաց դարձնելով այն: Ուղղորդում և ակտիվացնում է մանկավարժական կոլեկտիվի աշխատանքը` ընձեռելով ուսուցիչներին բազմաբնույթ հնարավորություններ աշակերտների համար կենսատու ճշմարտությունների ոգեկոչման գործում:

         Քիչ չեն Ն.Միրզոյանի ներդրումները գիտական մտքի ասպարեզում. նա գիտական հինգ հոդվածների և երեք մեթոդական աշխատությունների հեղինակ է:

      Մեր դպրոցը ավանդույթներ ունեցող կրթօջախ է: Այստեղ միշտ նշվում են հոբելյանական տարեթվերը, կազմակերպվում օրինակելի դասեր, դաս-հանդեսներ: Դպրոցի աշակերտները մասնակցել և հաղթել են <<Հայ ասպետ>> հայագիտական մրցույթի առաջին փուլում, ինչպես նաև շախմատի և առարկայական օլիմպիադաների քաղաքային մրցույթներում:

       Յուրաքանչյուր տարի դպրոցի շրջանավարտների մեծ մասը ընդունվում է բուհ և հասնում հաջողությունների: Դպրոցն ավարտած շրջանավարտները իրենց տեղն են գտել կյանքում. որպես լավագույն մասնագետներ` նրանք աչքի են ընկել տարբեր բնագավառներում` շնորհիվ մանկավարժական կոլեկտիվի դրսևորած պատասխանատվության:

Մեր դպրոցի առաքելությունը դասավանդման բարելավումն է, ուսումնառության որակն ու հայեցի դաստիարակության ապահովումը: